Газета "Ахпюр"

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» համաժողովին

2026-09-19 12:10 Политика
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն» խորագրով համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինեն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը, փորձագետներ և այլք։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և անդրադարձել համապարփակ անվտանգության և դիմակայության համակարգին ու դրա շերտերին։ Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ համատեքստում պետք է հաշվի առնել և նկատի ունենալ ամեն ինչ, որն այսպես թե այնպես կարող է ազդեցություն ունենալ անվտանգային համակարգի վրա։ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն հարցի մասին, թե որտեղ է պետք փնտրել անվտանգություն, կամ որտեղից է պետք սկսել անվտանգության համակարգի կառուցումը, որտեղ է, որ անվտանգության հետ կապված խնդիրները լուծում պետք է ստանան կամ կարելի է գնալ այդ լուծումների հետևից։