Տեղի է ունեցել Կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված «Դիվանագիտություն բոլորի համար. ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունը և ազդեցությունը» խորագրով միջոցառումը, որը համակազմակերպվել էր ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից:
Միջոցառման նպատակն էր ընդգծել ներառական և ներկայացուցչական դիվանագիտական համակարգերի կարևորությունը, որոնք արտացոլում են հասարակությունների բազմազանությունը և նպաստում միջազգային երկխոսության ու որոշումների կայացման գործընթացներում հավասար մասնակցությանը։
🎤 Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ 💬 Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը նշել է. «Հայաստանը շարունակում է ակտիվորեն ընդլայնել իր միջազգային ներգրավվածությունը՝ ստանձնելով առաջնորդող դեր մի շարք բազմակողմ գործընթացներում։ Մեր արտաքին քաղաքականության օրակարգն այսօր ներառում է ոչ միայն խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդումը, այլև փոխկապակցվածության զարգացումը, թվային փոխակերպումը, կենսաբազմազանության պահպանումը, նորարարության խթանումը և կայուն զարգացման նպատակների առաջմղումը։ Մենք առաջնորդվում ենք այն համոզմամբ, որ այս բոլոր ուղղություններում կայուն արդյունքների հնարավոր է հասնել միայն ներառական համագործակցության միջոցով։
Այս մոտեցումը գործնական արտահայտություն է ստանում նաև Հայաստանի բազմակողմ նախաձեռնություններում։ Նախորդ տարի ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը մի խումբ երկրների հետ նախաձեռնեց նոր տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության, դրա շուրջ ՄԱԿ կառույցների և գործակալությունների առավել համակարգված աշխատանքին ուղղված քննարկումներ: Աշնանը՝ Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանը միջտարածաշրջանային գործընկերների հետ կներկայացնի «Թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանման և պաշտպանության նպատակով միջազգային համագործակցության ամրապնդումը» խորագրով բանաձևի նախագիծը։ Նախաձեռնության նպատակն է ձևավորել մարդու իրավունքների վրա հիմնված, ներառական և գենդերազգայուն մոտեցումներ թվային փոխակերպման գործընթացներում՝ ապահովելով, որ կանայք և աղջիկները ոչ միայն պաշտպանված լինեն նոր տեխնոլոգիաներից բխող ռիսկերից, այլև լիարժեք մասնակցություն ունենան դրանց մշակման, զարգացման, կառավարման և կիրառման բոլոր փուլերում»: