Газета "Ахпюр"

Անահիտ Բոստանջյանի հիշատակի հուշ-երեկո Վրաստանի գրողների տանը

2024-12-23 12:11 Культура Политика
Դեկտեմբերի 18-ին Վրաստանի գրողների տանը կայացավ վիրահայ անվանի բանաստեղծուհի, թարգմանիչ, «Կամուրջ» տարեգրքի երկարամյա խմբագիր, Վրաստանի և Հայաստանի գողների միությունների անդամ, Վրաց մշակույթի դեսպանի տիտղոսակիր Անահիտ Բոստանջյանի 75-ամյակին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպել էր Վրաստանի գրողների միությունը։

Հայ ու վրաց մշակույթներն իրար կապող ստեղծագործողի կենսառատ գրական ուղին վերհիշելու համար հավաքվել էին վրաց էլիտայի և Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչները։

Հուշ-երեկոյին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով բանաստեղծուհուն ողջության օրոք չճանաչելու իր ափսոսանքը հայտնելով ընդգծեց այն պարզ ճշմարտությունը, որ այդուհանդերձ հենց Անահիտ Բոստանջյանի ու նման անձնուրաց նվիրյալների գործունեությամբ ու հարուստ ժառանգությամբ է պայմանավորված շարունակելիությունը հայ ու վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության, որի էջերում հավերժանում ու դրոշմվում է վերջիններիս անունը՝ յուրովի լուսատու դառնալով։

Միջոցառմանը ելույթ ունեցան Վրաստանի գրողների միության համանախագահներ՝ Մաղվալա Գոնաշվիլին և Ռևազ Միշվելաձեն, Վրաստանի լրագրողների միության նախագահ Մարինա Թեքթումանիձեն, ճանաչված գրողներ՝ Սոսո Սիգուան, Բադրի Քութաթելաձեն, Ոաուլ Չիլաչավան, Դավիթ Շեմոքմեդելին, ինչպես նաև «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը։

Ի գիտություն․ Անահիտ Բոստանջյանն իր հրատարակչական գործունեության ընթացքում հրատարակել է 500-ից ավելի գիրք: Հեղինակ է 40-ից ավելի բանաստեղծական, թարգմանչական գրքերի։ Թարգմանել է հայ ու շուրջ 90 վրացի գրողների։ Հուղարկավորված է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում։