Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Թբիլիսիի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվեց «Երվանդ Քոչար․ բազմաչափ հանճար» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը գործելու է մինչև նոյեմբերի 8-ը։
Ցուցադրության առանցքում Երվանդ Քոչարի նորարարական տարածական նկարչությունն է, ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, ինստալյացիաները և այլ մեդիաներ, որոնք ընդգծում են մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգության բազմազանությունն ու նորարարական բնույթը։ Ցուցահանդեսին ներկայացված են նաև ժամանակակից արվեստագետ Աշոտ Մարաբյանի՝ Երվանդ Քոչարի ստեղծագործության մոտիվներով ստեղծված քանդակները։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանի մշակույթի փոխնախարար Նաթիա Շամաթավան, Վրաստանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահի տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն, Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։
Դիմելով ներկաներին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ընդգծեց Քոչարի՝ վրացական արվեստի նշանավոր ներկայացուցիչների՝ Լադո Գուդիաշվիլիի, Էլենե Ախվլեդիանիի հետ սերտ կապը՝ գնահատելով դրանք որպես հայ և վրաց մշակույթների բնական երկխոսության գեղեցիկ օրինակ։ Նա կարևորեց Թբիլիսիի սակրեբուլոյի աջակցությամբ, նախորդ տարի Թբիլիսիում Երվանդ Քոչարի հուշատախտակի բացումը, իսկ ներկայիս ցուցահանդեսը համարեց վերջինիս խորհրդանշական վերադարձը իր հարազատ ծննդավայր։
Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կայացավ «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) նոր պատկերագիրք-կատալոգի (հեղինակ՝ Կարինե Քոչար) շնորհանդեսը։— с ParvanaTv Georgia.